Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասք դաշնակցական

Ասք դաշնակցական
17.11.2015 | 02:10

Կրկին «արթնացել» են խոսակցությունները, որ դեկտեմբերի վեցի հանրաքվեից հետո` մինչև դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ, ըստ ամենայնի, ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա: Չնայած` ՀՅԴ-ն հերքում է իր «մահվան» մասին լուրերը, համարում դրանք խիստ չափազանցված: Եվ այնուհանդերձ, բանակցում են էներգետիկայի, սոցապ և մշակույթի նախարարությունների, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզպետների պորտֆելների շուրջ: Ճիշտ է, ՀՅԴ-ն «ուզելով ուզում» է գիտության և կրթության, ինչպես նաև սփյուռքի նախարարությունները, համա տվող չկա: ՈՒզում է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Նույնպես տվող չկա: ՈՒստի ստիպված է բավարարվել «Երեքը` երեքում» տարբերակով:
Նախարարի թեկնածուները հետևյալք են. Արծվիկ Մինասյանը. վերջինիս «հավաստագիր» են տվել նախագահականից, ըստ ամենայնի, սոցապնախարարության համար: Դավիթ Լոքյանը. նա եղել և մնում է Հովիկ Աբրահամյանի «հավատարմատարը»` սանիկ-քավոր տանդեմով, և ցանկանում է էներգետիկայի նախարարությունը:
Ընդ որում, շատ բան այս «գործում» փորձ է արվում իրականացնել ՀԷՑ-ի նոր սեփականատեր, ոչ անհայտ, Հայաստանում մեկընդմիշտ «ասող» (չմոռանանք, որ հենց նա հաշտեցրեց Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ), «Տաշիր գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանի միջոցով, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հետ նույնպես վատ հարաբերություններ չունի: Եվ, ինչպես հատուկ է Հովհաննես Արգամիչին, ով վերջերս եղել է Ջերմուկում (հարգանքներիս հավաստիքը Ձեր աշխատակիցներին, հարգարժան Արգամիչ), նա փորձում է նույն Սամվել Կարապետյանի միջոցով խիստ ազդեցություն ունենալ դաշնակցության վրա` հաճելին համակցելով օգտակարի հետ, որպեսզի վերջիններս անվերադարձ ու կրքոտ (որքան ներում է ՀՅԴ -ի 125-ամյա ծերունական կիրքը) պնդեն, որ ճիշտը Ջերմուկ գնացած Հովհաննես Արգամիչի վարչապետ մնալն ու շարունակվելն է, ու «ճիշտը մեկն է»:
Նախարարի հաջորդ թեկնածուն Աղվան Վարդանյանն է. վերջինիս «մեկենասը» ևս Սամվել Կարապետյանն է, էստեղ ամեն ինչ առավել քան պարզ է. Սամվել Կարապետյանի հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ է եղել ՀՅԴ խմբակցության ղեկավարը` շատ վաղուց, «մեր թվարկությունից» էլ առաջ:
Ինչպես ասացինք, բանակցային թեմաներից մեկն էլ սփյուռքի նախարարությունն է: ՈՒ թե այնպես ստացվի, որ այդ պորտֆելն էլ տան ՀՅԴ-ին, ապա նախարար կդառնա Արմեն Ռուստամյանը: Բայց քանի որ այնտեղ խիստ եգիպտական համառությամբ խիստ «անմահ» է տիկին Հրանուշը` նույն Սամվել Կարապետյանի «օրհնյալ» ձեռամբ, դաշնակցականները սփյուռքի նախարարությունը թողել են «հանգչի յուր մահով», եթե ավելի ստույգ` վերապահումներով են այն ուզում:
ՀՅԴ-ն շատ է ցանկանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պորտֆելը, սակայն համապատասխան թեկնածու չունի: Համ էլ իշխանությունները խելքները հացի հետ չեն կերել, որ այն «տրամադրեն» ՀՅԴ-ին, չնայած` Վիգեն Հովսեփյանի հետ հավերժական ճակատամարտեր ու ասքեր կերտող ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտը, թերևս, շատ կցանկանար այդ պոստում նշանակել յուր «մարդուն»:
Ինչպես կավարտվի, ի վերջո, ՀՅԴ-ական ասքը, փոքր-ինչ դժվար է ասել: Զի կա մեկ նրբություն ևս: ԲՀԿ-ին նույնպես իշխանական «տաշտակից» բաժին պետք է հանել «այո»-ի համար: Սակայն Սերժ Սարգսյանը ցանկանում է ձգել թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ԲՀԿ-ի անդամակցումը կոալիցիային և այն հասցնել 2017-ին` խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի պորտֆելների բաշխումն ավելի հիմնավոր ու երկարատև լինի, իսկ քաղաքական քարտեզն էլ` մեկընդմիշտ պարզ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ